Համո Սահյան

Գարունդ հայերեն է գալիս
էջ 10
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:
Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:
Արեվդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:
Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:
Ձորերդ շնչում են հայերեն,
Զոհերդ ննջում են հայերեն,
Հայերեն են տանջում ցավերդ:
Որքան էլ ձեռքից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:
Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ


Ես թողել էի
էջ 19
Իմ երազների ծվենները տաք
Եվ ես թողել էի
Բարձունքի ծաղկած ծառերի վրա:
Հովերը եկան, հովերը տարան,
Հողմերին տարան
Իմ երազների ծվեննրը տաք:
Եվ ես իզուր եմ որոնում հիմա
Իմ երազների ծվենները տաք՝
Բարձունքի ծաղկած ծառերի վրա:
Եվ ծառերի տակ:
Իմ ծիծաղների ծփանքները տաք
Ես թողել էի
Գետափի կապույտ քարերի վրա:
Անձրևը եկավ, անձրևը տարավ,
Ծովերին տարավ
Իմ ծիծաղների ծփանքները տաք:
Եվ ես իզուր եմ որոնում հիմա
Իմ ծիծաղների ծփանքները տաք ՝
Գետափի կապույտ քարերիվրա
Եվ քարերի տակ:
Իմ արցունքների հատիկները տաք
Ես թողել էի
Գերեզմանոցի սալերի վրա:
Մազարմատներ են արձակել նրանք
Ծլել են նրանք- սև սալերի մեջ,
Եվ կանաչ- կանաչ մամուռ են դարձել
Իմ արցունքների հատիկները տաք՝
Գերեզմանոցի սալերի վրա
Եվ սալերի տակ:

Ինչից է որ Հայաստանում
էջ 24
Ինչից է որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում
Այլ քարե-քար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շարաչում են կիրճերն ի վար,
ԵՎ ճչում են տագնապահար:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան...
ԵՎ գնում են ապաստանում
Հեռու՜-հեռու՜ տափաստանում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

Կակտուսի մասին